Ի՞նչ է իրականում կատարվում «Զորաց քարերի» տարածքում․ ԿԳՄՍՆ–ից պարզաբանում են

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դամբարանների պեղումների ընթացքում ծանր տեխնիկայի կիրառումն օրինաչափ է, քանի որ ծածկասալերը հաճախ կշռում են 3-10 տոննա և դրանք անվնաս հեռացնելու այլ տարբերակ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ «Զորաց քարերի» տարածքում հնագիտական արշավախումբը պեղման աշխատանքներ է իրականացնում հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ արձագանքելով «Քարահունջ» հայագիտական կենտրոնի գրառմանը։
Օգոստոսի 31-ին կենտրոնը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել այն մասին, որ «Աշոտ Փիլիպոսյանը վերսկսել է «պեղումները» Քարահունջ աստղադիտարանի տարածքում՝ շարունակելով իր 2018թ․-ի անավարտ աշխատանքը այն կառույցում (իրենց վարկածով՝ դամբարանում), որը բացվել էր և յոթ տարի շարունակ մնացել էր բաց երկնքի տակ՝ առանց պահպանության համար անհրաժեշտ համապատասխան միջոցառումների»։ Կենտրոնը գրառման մեջ հայտնում էր, թե Փիլիպոսյանի նկատմամբ երկու անգամ հարուցվել է քրեական գործ՝ Քարահունջի պեղումների ընթացքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և հնագիտական պեղումների անցկացման ՀՀ և միջազգային օրենքների և նորմատիվների, ինչպես նաև արգելոցի կանոնադրության խախտումների հիմքով, սակայն գործերը կարճվել են։ Նրանք պահանջում են, որ պեղումները դադարեցվեն և բացված հատվածն անհապաղ կոնսերվացվի։
ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումներն իրականացվում են ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ՝ Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի օգոստոսի 25-ի որոշմամբ։
Անդրադառնալով նախկինում կատարված պեղումներին՝ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2018թ․-ին պեղումների արդյունքում բացված N 2 դամբարանը կոնսերվացվել է․ դամբարանի չպեղված շերտը ծածկվել է գեոտեքստիլով և ամրակայվել՝ հետագայում պեղումները շարունակելու նպատակով։
Հիշեցնում են, որ հնագիտական հուշարձանները հաճախ պեղվում են տարիներ շարունակ՝ նկատի ունենալով հնավայրի ծավալները և պեղման աշխատանքների միջգիտակարգային մոտեցումները։
«Ինչ վերաբերում է անվանի հնագետ Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ հարուցված «քրեական գործերին», ապա դրանք կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը (այն է՝ հուշարձանի տարածքից 3-5 տոննա կշռող քարերից մեկի «գողությունը» և N 1 դամբարանից հայտնաբերված մ․թ․ա․ 13-12 դդ․-ով թվագրվող անհատի (կմախքի ոսկորներ) «սպանությունը»)։ Տեղեկացնում ենք, որ ո՛չ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և ո՛չ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գործողությունների մեջ երբևէ անօրինական, հակագիտական գործողություններ չի արձանագրել»,- նշված է ՊՈԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։
«Զորաց քարերի» մոտ կտեղադրվի մոդուլային շենք` զբոսաշրջիկների սպասարկման նպատակով
Ինչ վերաբերում է պեղումների ժամանակ ծանր տեխնիկայի կիրառմանը՝ նշվում է, որ հատկապես դամբարանային համալիրները պեղելիս դա օրինաչափ է, օրինակ՝ դամբարանը ծածկող սալերը հեռացնելու նպատակով, որոնք հաճախ կարող են կշռել 3-10 տոննա։ Սակայն հեռացված քարերը տեղակայվում են դամբարանային համալիրի անմիջական հարևանությամբ, համարակալվում են և այլն։
ՊՈԱԿ-ից հիշեցնում են նաև, որ «Զորաց քարերի» մուտքը վճարովի է՝ տոմսով, և յուրաքանչյուր այցելու կարող է հետևել հնագիտական պեղումներին՝ չխաթարելով հնագիտական աշխատանքները։