ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. 2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածի շրջափակման պատճառով սովից մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 348-ի, այդ թվում՝ 127 երեխա։ Այս մասին հայտնել է պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահվան ինը դեպք, այդ թվում՝ երեք երեխա։ Այսպիսով, սովից մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 348-ի, նրանց թվում կա 127 երեխա», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Գազայի իշխանությունների տվյալներով՝ 2024 թվականին Գազայի հատվածում սովից մահացել է 50 մարդ, ևս չորսը մահացել են 2023 թվականին։
Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն առաջին անգամ հայտարարել է Գազայում աղետալի սովի մասին։
Գազայի վարչակազմի տվյալներով՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները մասնակիորեն վերականգնելուց հետո Իսրայելը հուլիսի 27-ից օգոստոսի 30-ը թույլատրել է 3188 բեռնատարի մուտք գործել Գազայի հատված, ինչը բավարարում է օգնության կարիք ունեցող բնակչության ոչ ավելի, քան 15%-ը։
Տեղական իշխանությունները պնդում են, որ բեռնատարներում եղած օգնության հիմնական մասը թալանվում է իսրայելական զինվորականների թողտվությամբ։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: