ԵԱՀԿ գործող նախագահն ու գլխավոր քարտուղարը ողջունել են Մինսկի խմբի փակման որոշումը

Պաշտոնյաները նշել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատմական փաստաթղթեր են ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել են ԵԱՀԿ նախարարական խորհրդի` Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ որոշումը: ԵԱՀԿ-ն հրապարակել է կառույցի ղեկավարների պաշտոնական մեկնաբանությունը։
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնագրերի և դրանց արագ իրականացումը սկսելու վճռական որոշման կապակցությամբ։ Ես անմիջապես արձագանքել եմ նրանց համատեղ կոչին և ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին գործընթացում գերազանց համագործակցության համար»,- հայտարարել է Վալտոնենը։
Նա ընդգծել է նաև գործընթացի մասնակից պետություններին փոխըմբռնման հասնելու գործում իրենց համագործակցային ոգու համար։ Նախարարական խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսի միջոցով։

«Սա պատմական զարգացում է, որը ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը, նույնիսկ տասնամյակների հակամարտությունից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերի միջև կա լեզու գտնելու վճռականություն»,- իր հերթին հայտարարել է գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն։

ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք երկարատև խաղաղություն և կայունություն կբերեն ոչ միայն Հայաստանում և Ադրբեջանում, այլև տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը:
ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։