Այրումում հեղեղումների հետևանքով փլուզված կամրջի փոխարեն նորն է կառուցվել

Սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որը իրանական կողմը նվիրում է Հայաստանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ Նախորդ տարվա մայիսի 26–ի տեղատարափ անձրևների հետևանքով փլուզված Այրում կայարանի հետիոտնային կամուրջը պատրաստ է շահագործման: Տեղեկությունը հայտնում է Տավուշի մարզպետարանը։
Կամուրջը փլուզվել էր Դեբեդ գետի վարարման հետևանքով: Մարզպետարանից նշում են, որ նոր կամուրջը մետաղական է, այն Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Հավելենք, որ օրեր առաջ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր տեղադրել և հայտնել, որ մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները:
Տավուշում, Լոռիում 2024–ի հեղեղումներից հետո փոխհատուցում չստացած 19 ընտանիք գումար կստանա
Նշենք, որ ջրհեղեղի հետևանքով 17 կամուրջ էր փլուզվել։ Սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որ իրանական կողմը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով: Առաջին կամուրջը տեղադրված է Ալավերդու Սանահին կայարան թաղամասում:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնասվել են ճանապարհներ, քանդվել կամուրջներ, հեղեղվել բազմաթիվ տներ։ Աղետը 4 մարդու կյանք է խլել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։