Ադրբեջանի ԱԳՆ–ն պնդում է, որ ԵԱՀԿ–ն որոշել է փակել Մինսկի խումբը

ԵԱՀԿ քարտուղարությանը ժամկետ է տրվել աշխատանքն ավարտելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի խումբն ու նրա հետ առնչություն ունեցող կառույցները։ Նշվում է, որ նման որոշում է կայացրել ԵԱՀԿ նախարարական խորհուրդը, և ԵԱՀԿ շրջանակում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական «նախկին հակամարտությանը», կորցնում են իրենց ուժը և ենթակա չեն կիրառման:
ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել լուծարումը ոչ ուշ, քան մինչև 2025 թ. դեկտեմբերի 1–ը։
Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը փնտրում էր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։
Վաշինգտոնում ստորագրված պայմանագիրը բխում է երկու երկրների փոխշահավետությունից. Միրզոյան
Այս հարցով ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունն այս պահին չկա։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: