Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևանը. ինչն է պատճառը

Սոչիի օդանավակայան. Արխիվային լուսանկար
Հյուրընկալության ոլորտի մենեջերները հարցերի դեպքում օգնություն են ցուցաբերում հետաձգված թռիչքների ուղևորներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Սոչիի օդանավակայանում ութ չվերթ է հետաձգվել (ավելի քան երկու ժամ), դա պայմանավորված է ավիաընկերությունների արտադրական պատճառներով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Սոչիի օդանավակայանն ու բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով։ Հետաձգված չվերթերի (ավելի քան 2 ժամ) քանակը 8 է: Այս պահին դա պայմանավորված է ավիաընկերությունների արտադրական պատճառներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ այս պահի դրությամբ հետաձգվել են Սոչիից դեպի Նովոսիբիրսկ, Մոսկվա, Անթալիա (Թուրքիա), Երևան (Հայաստան), Բաթումի (Վրաստան) չվերթները:
Հետաձգվել են նաև Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Թբիլիսիից (Վրաստան), Երևանից (Հայաստան), Անթալիայից (Թուրքիա) և Բաթումից (Վրաստան) Սոչի ժամանող չվերթերը:
Նշվում է, որ օդանավակայանի տարածքներում հյուրընկալության ոլորտի մենեջերները հարցերի դեպքում օգնություն են ցուցաբերում հետաձգված չվերթերի ուղևորներին: