ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է ռուս-ամերիկյան վերջին շփումները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահը և ՉԺՀ նախագահը «ոտքի վրա» կարճ շփվել էին ՇՀԿ գագաթնաժողովին ժամանած պատվիրակությունների ղեկավարների հետ լուսանկարվելուց առաջ:
«Մեր նախագահը նախ շփվել է, իհարկե, ՉԺՀ նախագահի հետ․․ Քննարկվել են ամերիկացիների հետ մեր վերջին շփումները»,-լրագրողներին ասել է Ուշակովը։
2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Չինաստան են ժամանել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարները:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: