ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 31 – Sputnik. Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ֆինանսավորել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տարածքում արևային էլեկտրակայանի կառուցումը։
Բժշկական կենտրոնի տնօրեն Խորեն Նազարյանի խոսքով՝ հիվանդանոցը Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության միջոցներով կառուցվել է և սկսել է գործել 2024 թվականի մարտի 15–ից։ Նրա վստահեցմամբ` բժշկական կենտրոնը սարքավորումների հագեցվածության մասով չի զիջում Երևանի հիվանդանոցներին։
«Մինչ օրս մենք սպասարկել ենք մոտ 2-2,5 հազար բուժառուի։ Կատարվել են բազմաթիվ բազմապրոֆիլ վիրահատություններ, որոնք նախկինում չէին կատարվում մեր մարզում», - ասաց Նազարյանը։
Մինչ այդ հիվանդները ուղարկվել են Երևան բարդ վիրահատությունների համար։
Նոր ԲԿ-ն միավորել է նախկինում Եղեգնաձորում և Վայքում գործող հիվանդանոցների գործառույթները, որոնք այժմ գործում են որպես պոլիկլինիկաներ։ Բժշկական կենտրոնն ունի ընդհանուր 41 մահճակալային ֆոնդ, որից 5–ը` վերակենդանացման բաժանմունքում։
Բժշկական կենտրոնի տնօրեն Խորեն Նազարյան
© Sputnik / Aram Nersesyan
«Կարմիր խաչի հիմնադրամի միջոցներով կառուցվել է 140 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Այն ավելի քան 2 ամիս է, ինչ գործում է», - ասաց Նազարյանը։
Նրա խոսքով՝ ամռանը արևային էլեկտրակայանը ծածկում է բժշկական կենտրոնի էլեկտրաէներգիայի ծախսերի ավելի քան 95%-ը։ Հիվանդանոցի ղեկավարությունը փնտրում է հնարավորություն կայանի հզորությունը մեծացնելու համար, որը կծածկի ձմռանը ծախսերը, այդ թվում՝ ջեռուցումը։
Տնօրենի խոսքով` Կարմիր խաչը բժշկական կենտրոնին նաև օգնում է դեղորայքով և բժշկական պարագաներով։ Այն նաև բուժանձնակազմի համար անցկացնում է աղետների ժամանակ անհետաձգելի բուժօգնության կազմակերպման դասընթացներ։
Բացի այդ, բժշկական կենտրոնի նկուղային հատվածում այժմ կառուցում է 2 վիրահատարան` (ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք և անհետաձգելի բուժօգնության բաժանմունք) 10 լրացուցիչ մահճակալով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 3 շաբաթվա ընթացքում։
Կարմիր խաչի ֆինանսավորմամբ Եղեգնաձորի ԲԿ–ում արևային էլեկտրակայան է կառուցվել
© Sputnik / Aram Nersesyan