ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Չինաստանն ու Թուրքիան պետք է ընդլայնեն համագործակցությունն անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանը Չինաստանում է, որտեղ մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որն անցկացվում է Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը:
«Անհրաժեշտ է ամրապնդել քաղաքական փոխվստահությունը, աջակցել միմյանց այն հարցերում, որոնք շոշափում են հիմնային շահերը և լուրջ մտահոգություն են առաջացնում, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում», -ասել է Սի Ծինփինը, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Իր հերթին Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հայտնում է, որ Էրդողանը Չինաստանում Սի Ծինփինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ուկրաինական թեման, Սիրիայի վերականգնման ուղղությամբ համատեղ քայլերը:
Էրդողանը հայտարարել է, որ պետք է ներդրումներով աջակցել երկկողմ առևտրի կայունությանը, հատկապես մեծ ներուժ կա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաները, էներգետիկան, առողջապահությունը և զբոսաշրջությունը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել Թուրքիայում չինական ընկերությունների ներդրումների համակարգումը։
Թուրքիայի նախագահը կարևորել է «Միջին միջանցք» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների համաձայնեցման ուղղությամբ համատեղ քայլերը:
«Հանդիպմանը քննարկվել են նաև Գազայում, Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Սիրիայի վերականգնման ուղղությամբ հնարավոր համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: