ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Չինաստանի ժողովուրդը, որը հսկայական զոհեր է տվել, երբեք չի հաշտվի Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը խեղաթյուրելու կամ ժխտելու փորձերի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
ՉԺՀ ղեկավարը «Ցյուշի» ամսագրում հրապարակված իր հոդվածում նշել է, որ պատմությունը լավագույն դասագիրքն է և ամենաարդյունավետ սթափեցնող միջոցը: Սի Ծինփինը նշել է, որ չին ժողովուրդը հիշում է պատերազմի բերած տառապանքները և հաստատակամ ձգտում է խաղաղության:
Չինաստանի առաջնորդի խոսքով՝ աշխարհում դեռ կան մարդիկ, որոնք անտեսում են անհերքելի պատմական փաստերը:
«Չինաստանի ժողովուրդը, որը հսկայական զոհեր է տվել, անսասան կերպով կպաշտպանի արյունով և մարդկային կյանքերով գրված պատմությունը։ Չին ժողովուրդը, բոլոր երկրների ժողովուրդների հետ միասին, երբեք չի հանդուրժի ագրեսիայի պատմությունը ժխտելու, խեղաթյուրելու կամ նույնիսկ մեծարելու փորձերը»,-ընդգծել է Չինաստանի ղեկավարը։
Սի Ծինփինը նշել է, որ ճապոնացի զավթիչներին չին ժողովրդի դիմադրության պատերազմը համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի գլխավոր մարտադաշտն է դարձել Արևելքում՝ հսկայական ներդրում ունենալով ամբողջ աշխարհում խաղաղության համար պայքարում։
Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Թիենանմեն հրապարակում զինվորական շքերթ կանցկացնի Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ։