ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 31 - Sputnik. Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից սարում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին օգտատերերն ահազանգել էին սոցցանցում և տեսանյութեր տարածել։
ՆԳՆ–ից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է ժամը 10:44-ին։ Հայտնել են, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր, ջրատարներ։
«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական հումանիտար արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ։ Ըստ նախնական տվյալների` տուժածներ չկան։
Նշվում է, որ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Ա․Մկրտչյանը և փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։