ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Պղնձի համաշխարհային գները չորրորդ շաբաթն անընդմեջ աճում են։ Տեղեկությունը հաղորդում է ոլորտային mining.com հարթակը։ Նշվում է, որ Լոնդոնի LME բորսայում պղնձի գնանշումները հասել են մեկ տոննայի դիմաց 9,898 դոլարի մակարդակի:
Պղնձի պահանջարկն աճում է ԱՄՆ–ում և Չինաստանում տնտեսական ակտիվության աճի մասին տվյալների հաշվին։ Միացյալ նահանգներում, ինչպես ցույց է տվել 2025 թ. 2–րդ եռամսյակի պաշտոնական վիճակագրությունը, արձանագրվել է 3.3 % տնտեսական աճ, ընդ որում` ներդրումների ծավալներն աճել են 5.7 %–ով:
Չինաստանում արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը շարունակում է նվազել, սակայն հուլիսին անկումը եղել է ավելի փոքր, քան հունիսին: Սա վերլուծաբաններին հիմք է տալիս ենթադրելու, որ Չինաստանի կառավարության գործողությունները՝ արտադրությունը կայունացնելու և գերարտադրությունը նվազեցնելու ուղղությամբ, սկսում են ազդեցություն ունենալ, և գործարանները կարող են կենտրոնանալ նոր ժամանակացույցով աշխատելու վրա:
Բացի այդ, Bloomberg–ի վերլուծաբանները նշում են, որ մետաղների (ոչ միայն պղնձի, այլև ընդհանուր առմամբ) գները մոտ ժամանակներս կարող են աճել՝ հաշվի առնելով, որ համաշխարհային բորսաների դերակատարները վերջին ժամանակներում ակտիվորեն խաղում են դոլարի իջեցման վրա (իսկ որքան ցածր է դոլարի փոխարժեքը, այնքան ավելի շահավետ է զարգացող երկրների համար գնել հումքային ապրանքներ, որոնց գները արտահայտված են դոլարով): Այնուամենայնիվ, Goldman Sachs–ի վերլուծաբանները նախազգուշացնում են գների իջեցման ռիսկերի մասին, քանի որ չինական արդյունաբերության հզորությունների արագ վերականգնման վստահություն դեռ չկա:
Նշենք, որ պղնձի խտանյութը (առաջնային մշակված պղնձի հանքաքար) շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն արտահանվող ապրանքներից մեկը։ 2024 թվականին դրա արտահանման ծավալը կազմել է մոտ 558 մլն դոլար, ինչը 15 %–ով ավելի է, քան 2023 թվականին։