Արմեն Գրիգորյանը Թեհրանում ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ–ում ստորագրված համաձայնագրերը

Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություները չեն ոտնահարի որևէ երկրի իրավունքները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Արմեն Գրիգորյանն ու Ալի Լարիջանին
Նշվում է, որ Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:
«Քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։