ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից փաստաբան Ռոման Երիցյանը դիմելու է դատական պաշտպանության՝ ընդդեմ 9–րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Այս մասին փաստաբանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մենք վճռական ենք` պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ»,– գրել է Երիցյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2024–ի հուլիսի 11-ի նիստում հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու` տևական ժամանակ քննարկվող որոշումը։
Նշենք, որ առարկայի անվանումը փոխելու ծրագրերի մասին հայտնի դարձավ դեռ այս տարեսկզբին։ Իշխանությունների այս նախաձեռնությունը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում։ Իսկ e–draft.am կայքում քվեարկած քաղաքացիների մեծ մասը դեմ է հանդես եկել այս փոփոխություններին։