Թուրքիան փակել է երկինքը, բայց դա իսրայելական քաղաքացիական չվերթերին չի վերաբերում

Թուրքիայի երկինքը բաց է իսրայելական ավիաընկերությունների տարանցիկ չվերթերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի երկինքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների և իսրայելական պաշտոնական պատվիրակությունների համար, սակայն բաց է երրորդ երկրների կանոնավոր քաղաքացիական չվերթերի համար. իսրայելական ավիաընկերությունները կարող են թուրքական երկինքն օգտագործել տարանցիկ չվերթերի համար։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել էր, որ Թուրքիան իր դռները փակել է Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող նավերի և ինքնաթիռների համար։ Մի շարք ԶԼՄ–ներ Ֆիդանի ելույթը մեկնաբանել են որպես Իսրայելի համար թուրքական երկնքի լիարժեք փակում։
«Մենք թույլ չենք տալիս, որ Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող կոնտեյներային նավերը մտնեն մեր երկրի նավահանգիստներ, իսկ ինքնաթիռները` մեր օդային տարածք։ Նախարար Ֆիդանն այս արտահայտությունն է օգտագործել իր ելույթում։ Օդային տարածքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների և իսրայելական պաշտոնական չվերթերի համար։ Միևնույն ժամանակ երկինքը բաց է երրորդ երկրների կանոնավոր քաղաքացիական չվերթերի համար, քաղաքացիական կանոնավոր չվերթերը շարունակվում են», – ասել է աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Թուրքիայի երկինքը բաց է իսրայելական ավիաընկերությունների տարանցիկ չվերթերի համար։
«Թույլտվություն է տրվում, դա համարվում է թույլտվություն տարանցիկ չվերթի համար», – ասել է աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսրայելական ավիաընկերությունները կարող են օգտագործել Թուրքիայի օդային տարածքը։
Հիշեցնենք` Թուրքիան 2024 թվականի մայիսին ամբողջությամբ խզեց Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները։ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարեց` որոշումը կչեղարկվի միայն այն ժամանակ, երբ անխափան մարդասիրական օգնության մատակարարում ապահովվի Գազայի հատված։
Միաժամանակ ամբողջ 2024 թվականի ընթացքում Թուրքիայի կողմից իսրայելական ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 1.6 մլրդ դոլար կամ թուրքական ամբողջ ներմուծման 0.45%-ը։ Արտահանումը հասել է 5.4 մլրդ դոլարի, բոլոր մատակարարումների 2.13%-ը։