Իրանը կողմ է ՌԴ–ի և Չինաստանի առաջարկած բանաձևին. մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանն ու Չինաստանը առաջարկում են համապատասխան բանաձևի գործողության ժամկետը երկարաձգել վեց ամսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իրանը աջակցում է միջուկային գործարքի (2231) վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ–ի բանաձևի գործողության ժամկետը երկարաձգելու առաջարկին, որը ներկայացրել են Ռուսաստանն ու Չինաստանը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանն ու Չինաստանը առաջարկում են համապատասխան բանաձևը երկարաձգել վեց ամսով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 18-ը։
«Մենք կողմ ենք, որ դիվանագիտական փոխըմբռնման հասնելու և նոր գործարք կնքելու համար ավելի շատ ժամանակ տրվի։ Ռուսաստանի և Չինաստանի` 2231 բանաձևի կարճաժամկետ տեխնիկական երկարաձգման առաջարկը գործնական քայլ է այս ուղղությամբ», – լրագրողներին ասել է Իրավանին։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել են, որ գործարկում են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը։ Միևնույն ժամանակ պատժամիջոցները անմիջապես ուժի մեջ չեն մտնում. պատժամիջոցների չեղարկումը շարունակելու վերաբերյալ բանաձևի նախագիծը պետք է քվեարկության դրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Եթե նման բանաձևը չհաստատվի 30 օրվա ընթացքում, պատժամիջոցները կվերականգնվեն:
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Հիմա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պետք է որոշեն՝ արդյոք պետք է գործարկել ՄԱԿ-ի պատժամիջոցների այսպես կոչված ակնթարթային վերականգնման մեխանիզմը, թե ոչ։
Իրանն իր հերթին պահանջում է, որ այդ երկրները հրաժարվեն պատժամիջոցների վերականգնման գաղափարից, եթե ուզում են դեր խաղալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Իրանցի խորհրդարանականները, որպես զսպման գործիք, օրինագիծ են պատրաստել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու համար, եթե «եվրաեռյակն» ակտիվացնի միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որը նախատեսված է դեռևս պաշտոնապես գործող 2015 թվականի «միջուկային գործարքով»: