Առայժմ աշխատանքը չի եռում․ Կրեմլը՝ Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստման մասին

Կրեմլում կրկնել են Պուտինի այն դիրքորոշումը, որ ցանկացած հանդիպում պետք է լավ նախապատրաստված լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորության մասին, հայտարարել է, որ առայժմ չի կարելի ասել, թե փորձագիտական մակարդակով աշխատանքը եռում է։
«Պուտինը չի բացառում նման հանդիպում անցկացնելու հնարավորությունը, բայց կարծում է, որ բարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լավ նախապատրաստված լինի, որպեսզի դրա ընթացքում հնարավոր լինի ավարտին հասցնել այն մշակումները, որոնք նախապես պետք է իրականացվեն փորձագիտական մակարդակով: Առայժմ չի կարելի ասել, թե փորձագիտական աշխատանքը, այսպես ասենք, եռում է։ Ցավոք, ոչ»,-ասել է նա՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է նման բանակցությունների շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը։
«Մեր բոլոր դիրքորոշումները տեղ են հասել, համապատասխան նախագծերը, այսպես ասենք՝ հիմնական դրույթները, գրավոր փոխանցվել են ուկրաինական կողմին։ Այո, դրանք հարցումային դիրքորոշումներ են, այնուհետև քննարկում է անհրաժեշտ: Հենց այդպիսին է այժմ իրավիճակը»,-հավելել է նա։
Թունելի վերջում լույս երևաց. Պուտինը` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Զելենսկու և ԵՄ առաջնորդների հետ բանակցությունների, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքում հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, բայց տեղը կորոշվի ավելի ուշ: Դրանից հետո նա հնարավոր է համարել իր մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի հնարավորությունը։
Ավելի վաղ Atlantic ամսագիրը, հղում անելով անանուն պաշտոնյաներին, գրել էր, որ Դոնալդ Թրամփը դժգոհ է Վլադիմիր Զելենսկուց և Եվրոպայից, կարծում է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ նրանց պահանջներն իրատեսական չեն:
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցը շատ լավ է անցել` չնայած ուշ ժամին