ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Նոան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային» և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ։
Առաջին խաղում խոշոր հաշվով պարտվելուց հետո սպասելի էր, որ «Օլիմպիան» փորձելու է գրոհել, որովհետև Սլովենիայի չեմպիոնը կորցնելու ոչինչ չուներ։
Խաղի սկզբում հենց այդպես էլ եղավ։ «Օլիմպիան» ավելի շատ էր գրոհում, բայց պակաս վտանգավոր չէին նաև «Նոայի» գրոհները։
Հանդիպման 17-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ դարձավ Էլդեր Ֆերեյրան, ևս երկու րոպե հետո Մաթեուս Այասը կրկնապատկեց երևանյան ակումբի առավելությունը։
Երկրորդ խաղակեսն ընթանում էր անհամեմատ հանգիստ տեմպով։ «Նոան» շատ չէր գրոհում, իսկ «Օլիմպիայի» գրոհներն արդյունավետ չէին, մինչև մեր դարպասապահ Օգնեն Չանչարևիչը չխախտեց կանոնները։ Նշանակված 11–մետրանոցը անվրեպ իրացրեց Անտոնիո Մարինը։ Իսկ խաղի 75-րդ րոպեին Օգնեն Չանչարևիչի «օգնությամբ» հյուրերը խփեցին նաև պատասխան երկրորդ գոլը։
«Նոան» կորցրեց իր առավելությունը, բայց քիչ անց Հովհաննես Հարությունյանի գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվում։
Խաղն ավարտվեց 3։2 հաշվով։ Դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 7։3` հօգուտ «Նոայի»։
Հայաստանի չեմպիոնը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հանդես գալու իրավունքը։