ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Նաիրիտ» քիմիական գործարանում առկա սարք–սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դրամաշնորհ։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարության այսօրվա որոշմամբ հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ–համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
«Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ–համաձայնագիրը ՀՀ կառավարության և բանկի միջև ստորագրվել է 2025 թ. հունիսի 27–ին:
Համաձայնագրի նպատակն է նպաստել լուծել գործարանից առաջացող հանրային առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը:
Դրամաշնորհով կիրականացվի քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում, կարգավորող և բնապահպանական նորմերի համապատասխանություն, տեխնիկական, գործառնական և տնտեսական գնահատում, հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության բացահայտում, կներկայացվեն հեռացման, չեզոքացման և մշակման տարբերակներ, իրականացման ռազմավարություն և առաջարկություններ։
Բացի այդ, կգնահատվեն բնապահպանական և սոցիալական ռիսկերը, կզարգացվեն կարողությունները, կստեղծվի իրականացման հարցերով հատուկ խումբ:
Համաձայնագրով միջոցների առհանման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թ. դեկտեմբերի 31–ը։
Հիշեցնենք` «Նաիրիտ» գործարանը Խորհրդային Հայաստանի խոշորագույն քիմիական արտադրությունն էր, թողարկում էր տասնյակ արտադրատեսակներ, այդ թվում` սինթետիկ կաուչուկ և մի շարք քիմիական թթուներ։ Փակվեց 1989–ին և վերագործարկվեց 90-ականներին, որից հետո կրկին փակվեց 2010թ. ապրիլին, երբ պետությունը գործարանը վաճառեց «Rhinoville» ընկերությանը (որի սեփականատերերը չէին բացահայտվում)։ Վաճառքից հետո ընկերությունը վարկ վերցրեց ԱՊՀ միջպետական բանկից, որը չմարեց, գործարանի վրա էլ թողեց մի քանի տասնյակ միլիարդ դրամի պարտքեր։ 2015 թվականին, երբ գործարանը սնանկ ճանաչվեց, այն վերադարձվեց պետությանը, սակայն չվերագործարկվեց։