Ի՞նչ է շահել հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության ճանաչումից. Փաշինյանը գտել է իր պատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետն այս թեմայով խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ղեկավարների հետ և հասկացել իրենց այդ քայլի մոտիվացիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Պետք է հասկանանք` ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը դառնա աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության և ժողովրդի շահերի հետ ընդհանրապես կապ չունի։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նեթանյահուն առաջին անգամ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։ Հայ-ասորական ծագումով ամերիկացի հաղորդավար Պատրիկ Բետ–Դևիդը հարցրել էր, թե ինչու Իսրայելը չի ճանաչում հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը։ Ի պատասխան Նեթանյահուն հայտարարել էր, որ եթե չի սխալվում, իրենք դա արել են Քնեսեթի բանաձևով։ Բետ-Դևիդն ասել էր, որ ակնկալում է դա հենց Նեթանյահուից լսել։ «Ես հենց նոր արեցի դա»,- պատասխանել էր Նեթանյահուն։
«Մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանությունը լինի ուղղակի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ–որ մի բան։ Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք. մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրան հետաքրքրում է հետևյալ միտքը` այն բանից հետո, երբ մի շարք պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դրա արդյունքում հայ ժողովուրդն ու պետությունը ի՞նչ են շահել։
«Այսինքն, ստացվում է` մեր նպատակը մեր նահատակներին աշխարհաքաղաքական առևտրի մեջ որպես վճարամիջոց օգտագործելու հնարավորություն տալն է ուրիշների՞ն։ Ես այդ երկրների ղեկավարների հետ էլ եմ խոսել այս թեմայով, թե ինչու են նրանք ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Ես ուզում էի հասկանալ նրանց մոտիվացիան, քանի որ ակնհայտ է, որ դեպքերի մի զգալի մասում այդ մոտիվացիան ընդամենն ընտրություններում 3000 կամ 10 հազար ձայն ավելի ստանալն է, որը որևէ կապ չունի հայ ժողովրդի ու նրա պետական շահերի հետ»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Զուտ ուղերձ էր Թուրքիային, ոչինչ ավելի․ Չերնամորյանը՝ Նեթանյահուի հայտարարության մասին