Հովհաննես Գաբրիելյանին չի հաջողվել 74 կմ լողալ Սևանում և ռեկորդ սահմանել

Գաբրիելյանին ուղեկցում էր նավակում գտնվող թիմը, որը պարբերաբար կադրեր էր հրապարակում մարաթոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Մասնագիտությամբ տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանին չի հաջողվել Գինեսի ռեկորդ սահմանել` առանց հատուկ միջոցների լողալով անցնելով Սևանա լիճը ծայրից ծայր(74կմ)։ Գաբրիելյանին ուղեկցող թիմի անդամներից մեկն այս մասին հայտարարել է սոցցանցերում։
Նշենք, որ Գաբրիելյանը սկսել էր լողալ օգոստոսի 27–ին ժամը 16։00-ին Կարճաղբյուր համայնքի լողափից։ Նախատեսված էր, որ նա կավարտի լողը օգոստոսի 28–ին Փիրուզե լողափում:
«Ժողովուրդ ջան, Փիրուզե լողափ պետք չի գնալ, մենք դուրս ենք գալիս այլ ափ` Նոյ Լենդի մոտ։ Նավով ենք ափ դուրս գալիս, փոխվեց իրավիճակը։ Հովհաննեսի վիճակը լավ է, պառկած հանգստանում է»,–ասել է Գաբրիելյանին ուղեկցողներից մեկը։
Հիշեցնենք` լողորդին ուղեկցում էր նավակում գտնվող թիմը, որը պարբերաբար կադրեր էր հրապարակում մարաթոնից։