ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Գելենջիկի անտառային զանգվածն ու Կուբանի Սևերսկի շրջանում նավթավերամշակման գործարանի կայանքներից մեկը բռնկվել են ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց հետո: Այս մասին ասվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի Telegram-ալիքում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում խոցել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
«Սևերսկի շրջանի Աֆիպսկոյե ավանում բեկորների ընկնելու պատճառով հրդեհվել է նավթավերամշակման գործարանի կայանքներից մեկը։ 20 քմ մակերեսով հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 21 մարդ և 8 միավոր տեխնիկա: Գելենջիկում՝ Կրինիցա գյուղի շրջանում, անօդաչու թռչող սարքի բեկորների անկումից հետո հրդեհ է բռնկվել անտառային զանգվածում: Հայտնաբերվել է 200 քմ ընդհանուր մակերեսով երեք օջախ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 14 մարդ և 4 միավոր տեխնիկա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու դեպքում էլ տուժածներ չկան, տեղում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայությունները:
Կրասնոդարի երկրամասի անտառահրդեհային կենտրոնի տվյալներով՝ Գելենջիկի Կրինիցա գյուղում հրդեհի մակերեսը 06.45-ի դրությամբ հասել է 0.7 հեկտարի:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։