Թրամփը համոզել է Օրբանին, որ չեղարկի Ուկրաինայի` ԵՄ անդամակցության վետոն. ԶԼՄ

Կիևի անդամակցությունը ԵՄ-ին փակուղային վիճակում էր, սակայն, լրատվամիջոցի տվյալներով, Բուդապեշտը կփոխի իր մոտեցումն այդ հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին համոզել, որ չեղարկի Ուկրաինայի` ԵՄ անդամակցության վետոն։ Այս մասին հայտնում է «Politico» թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի` առանց անունը նշելու։
Աղբյուրի խոսքով՝ դա թույլ կտա առաջիկա ամիսներին դուրս գալ փակուղուց, որն առաջացել է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության հարցում։
ԶԼՄ–ի տվյալներով՝ բանակցային կլաստեր բացելու որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին կամ շաբաթներին:
Ավելի վաղ Օրբանի վարչակազմը հայտարարել էր, որ Ուկրաինային Եվրամիություն ընդունելը պատմական սխալ կլինի:
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ–ին
Հունիսի 26-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Հունգարիան արգելափակեց Ուկրաինային սատարող ամփոփիչ հայտարարությունը, որը կարող էր ճանապարհ բացել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Նույն օրը հրապարակվեցին Հունգարիայում անցկացված համաժողովրդական հարցման արդյունքները` ավելի քան երկու միլիոն մասնակիցների 95 տոկոսը դեմ էր, որ Ուկրաինան արագացված կարգով դառնա ԵՄ անդամ։
Օրբանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային ասպարեզում իր գործողություններում առաջնորդվելու է Հունգարիայի քաղաքացիների կարծիքով: