Թե՛ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թե՛ թանգարանը նույն տեսքով վերականգնվելու են. նախարար

ԿԳՄՍ նախարարի խոսքով` վերանորոգման աշխատանքներն ընթացել են այն փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, իսկ օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Թե՛ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թե՛ թանգարանն ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք ունեինք շատ վատ իրավիճակ թե՛ թանգարանում, թե՛ հուշահամալիրում, որովհետև ժամանակին ջրահեռացման ամբողջ համակարգը մտածված չի եղել. անձրևաջրերը հոսում էին և ամբողջ տարածքում առաջացել էր լուրջ խնդիր։ Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկն ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ»,–ասաց նախարարը։
Անդրեասյանի խոսքով` վերանորոգման աշխատանքներն ընթացել են այն փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, իսկ օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են:
«Սա կարևորագույն հուշարձան է, և նախագծի մշակման փուլում որևէ բան չի կարող դրական եզրակացություն ստանալ, եթե չի անցել գիտամեթոդական խորհրդով»,- ասաց նա։
Հիշեցնենք` ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել՝ հրապարակելով հավերժության տաճարի քանդված և ծածկված մույթերի լուսանկարը։ Օգտատերը մտահոգված էր, թե ինչու են մույթերը քանդվել։ Սա սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց։ ԿԳՄՍՆ–ն հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները: