ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի դատարանը մինչև հոկտեմբերի 25-ը կալանավորել է Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Բազարովին՝ Բելգորոդի մարզում պաշտպանական կառույցների կառուցման ընթացքում հափշտակության գործով (այդ ժամանակ նա զբաղեցնում էր Բելգորոդի մարզպետի տեղակալի պաշտոնը - խմբ.)։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վլադիմիր Բազարովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ հետաքննության միջնորդությունը ենթակա է բավարարման», - հաղորդում է գործակալությունը:
Հետաքննությունը միջնորդել է կալանավորել պաշտոնյայի գործով անցնող ևս մեկ անձի, իսկ «Բելգորոդի մարզի քաղաքային միջավայրի զարգացման իրավասության կենտրոն» ՀԿ-ի (գտնվում է լուծարման փուլում) ղեկավար Սերգեյ Սերեբրյանսկու նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Սերեբրյանսկին մեղադրվում է կաշառակերության միջնորդության մեջ։
Բազարովի գործը կապված է Բելգորոդի մարզում նրա աշխատանքի հետ. մինչև 2025 թվականի փետրվարը նա զբաղեցրել է մարզպետի խորհրդականի և փոխմարզպետի պաշտոնը, համակարգել է շինարարության և տրանսպորտի ոլորտները։ Այս պաշտոնում Բազարովն աշխատել է մոտ հինգ տարի, որից հետո տեղափոխվել է Կուրսկի մարզ՝ նշանակվելով մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: