Երբեմն քաղցած ենք քնում. փլվող տուն, թոշակով ապրող տարեցներ և 0 պետական աջակցություն

Համազասպ Խաչատրյանի տունը
2025 թվականի նոր օրենսդրական փոփոխություններից հետո գյուղական համայնքներում ապրող ընտանիքներն այլևս սոցիալական աջակցություն չեն ստանում համայնքապետարաններից։ Խնդիրը հատկապես սուր է, երբ խոսքը տարեցների մասին է, որոնց միակ եկամուտը կենսաթոշակն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում տուն կա, որը ուժեղ քամուց կարող է փլվել։ 100 տարի առաջ կառուցված տանը բնակվում են 76–ամյա Համազասպ Խաչատրյանը և նրա 72–ամյա կինը` Նազիկ Սարգսյանը։ Վթարային տանը չկան կենցաղային պայմաններ, ջուր, գազ, կտուրն ամբողջությամբ վնասված է, անձրևաջրերը տուն են լցվում։
Պատկան մարմիններին ուղղված Համազասպ Խաչատրյանի նամակներն այսօր անպատասխան են մնում, ասում են` գումար չկա, օգնել չենք կարող։
Համազասպ Խաչատրյանը
«Կինս բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, 2-րդ կարգի հաշմանդամ է։ Օրական 2 անգամ շտապօգնություն է մեր տուն գալիս, ցավազրկում են, գնում։ Երկու երեխա ենք ունեցել, մահացել են, օգնող ձեռք չունենք։ Օրվա հացը հարևան խանութից պարտքով եմ վերցնում, թոշակս ստանում եմ, տանում, մարում։ Օր է լինում` քաղցած ենք քնում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Համազասպ պապը։
Նրա խոսքով` տան խնդիրը հատկապես սրվել է վերջին 2-3 տարիներին։
Ընտանիքը բազմիցս դիմել Է Նոր Խարբերդի համայնքապետին, սակայն այդպես էլ աջակցություն չի ստացել։ Տարիներ առաջ Մասիս համայնքի ղեկավարի աջակցությամբ տեղադրվել է տան դուռը և պատուհանը։ Մասիսի համայնքապետարանից օրեր առաջ Համազասպ Խաչատրյանի դիմումն ընդունել են, սակայն հետո հայտարարել, որ միջոցներ չկան, երբ լինեն, այդ ժամանակ էլ կտեղեկացնեն։
Հականալու համար, թե պետությունն այստեղ ինչ անելիք ունի, գրավոր հարցումներով դիմեցինք Նոր Խարբերդի, Մասիսի համայնքապետարաններ և Արարատի մարզպետարան։
Նազիկ Սարգսյանը
Նոր Խարբերդի համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ համայնքների խոշորացումից հետո վարչական ղեկավարի նստավայրում բնակիչներին աջակցելու համար ֆինանսական միջոցներ առկա չեն, այնտեղ ընդունվում են միայն դիմումներ:
Մասիսի համայնքապետարանից պատասխանեցին, որ Համազասպ Խաչատրյանին պարբերաբար տրվել են մի շարք օգնություններ` դրամական, շինանյութերի, սննդային, սակայն այժմ բավարար միջոցներ առկա չեն։
«2025թ-ի օրենսդրական փոփոխություններից ելնելով` համայնքները չեն կարողանում տրամադրել աջակցություն: Մասիսի համայնքապետարանը մշակել և օրենքով սահմանված կարգով պետական փորձաքննության է ներկայացրել մի նախագիծ, որով հնարավոր կլինի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրել սննդային, շինարարական, դեղորայքային և այլ բնույթի աջակցություններ: Ակնկալում ենք, որ մինչև սույն թվականի սեպտեմբերի վերջ կհաստատվի և կգործի վերը նշված կարգը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արարատի մարզպետի աշխատակազմից էլ հայտնեցին, որ Համազասպ Խաչատրյանն իրենց երբևէ չի դիմել, սակայն, համաձայն Մասիսի համայնքապետարանից ստացված տեղեկատվության` քաղաքացուն բազմիցս համայնքապետարանը աջակցել է:
«Մարզպետի աշխատակազմը նմանատիպ խնդիրները լուծելու համապատասխան ֆինանսական միջոցներ և գործիքակազմ չունի»,–նշված է պատասխանում։
Արարատի մարզում վթարային տների վերաբերյալ մարզպետարանից հայտնեցին, որ 2025թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 3 հատ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենք, իսկ անհատական բնակելի տների մասով տեղեկատվություն համայնքներից չի տրամադրվում, քանի որ վթարայնությունը որոշվում է միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից տրված եզրակացության հիման վրա:
1 / 5

Համազասպ Խաչատրյանի տունը Նոր Խարբերդում

2 / 5

Համազասպ Խաչատրյանի տունը Նոր Խարբերդում

3 / 5

Համազասպ Խաչատրյանի տունը Նոր Խարբերդում

4 / 5

Համազասպ Խաչատրյանի տունը Նոր Խարբերդում

5 / 5

Համազասպ Խաչատրյանի տունը Նոր Խարբերդում

Ստացվում է, պետությունն անգամ չգիտի, օրինակ, Արարատի մարզում իր քաղաքացիներից քանիսն են ապրում վթարային տներում։