ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության երկու քաղաքացիների և երկու ընկերությունների նկատմամբ։ Վաշինգտոնը համարում է, որ նրանք Հյուսիսային Կորեայի կառավարության կողմից կազմակերպած խարդախ ՏՏ սխեմայում են ներգրավված եղել: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Սահմանափակումները կիրառվել են ՌԴ քաղաքացի Վիտալի Անդրեևի, ԿԺԴՀ քաղաքացի Կիմ Ին Սունի, ինչպես նաև հյուսիսկորեական «Korea Sinjin Trading Corporation» (Փհենյան) և չինական «Shenyang Geumpungri Network Technology» ընկերությունների նկատմամբ:
Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք արտասահմանյան ընկերությունների վրա կիբեռհարձակումների համար օգտագործում են խարդախ սխեմաներ:
ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Ջոն Հերլին հայտարարել է, որ հյուսիսկորեական կառույցները շարունակում են հաքերական գործողություններն ու շորթումները, և որ ամերիկյան իշխանությունները մտադիր են հասնել այդ գործողություններին ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելուն: