Սյունիքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրությունը

Պանիր. Արխիվային լուսանկար
Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Սյունիքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրությունը, հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների` «Պանիր «Լոռի», «Պանիր «Չանախ» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Պանիր «Լոռի» և պանիր «Չանախ» արտադրատեսակները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշ են ունեցել, «Մածուն» արտադրատեսակը` բորբոսասնկեր ցուցանիշով։
Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: