ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի մասնակիցները կընդունեն մի շարք ամփոփիչ փաստաթղթեր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։
«Գագաթնաժողովում կընդունվեն ամփոփիչ փաստաթղթեր, այդ թվում՝ ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի Թիենծինի հռչակագիրը»», - նշել է նա։
Հաղթանակի 80-ամյակի և ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակի համատեքստում անդամ պետությունները նախատեսում են հրապարակել գագաթնաժողովի հռչակագիրը՝ միջազգային և տարածաշրջանային կարևոր հարցերի վերաբերյալ ՇՀԿ-ի ընդհանուր դիրքորոշումը ներկայացնելու համար։
«Հաջորդ փուլով ՇՀԿ զարգացման ռազմավարությունը կորոշվի կոնսենսուսի և անդամ պետությունների ցանկության հիման վրա՝ գործնական համագործակցության ոլորտում», - հավելել է դիվանագետը։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։Բելառուսը կազմակերպությանը պաշտոնապես միացել է 2024 թվականի հուլիսի 4-ին՝ Աստանայի գագաթնաժողովում: Դիտորդ երկրներն են՝ Աֆղանստանը և Մոնղոլիան, իսկ ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան: