Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից. «Yell Extreme Park»–ի պարզաբանումը

Տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։ Այս մասին պարզաբանում է տարածել «Yell Extreme Park»–ը` անդրադառնալով երեկ գրանցված միջադեպին։
Օգոստոսի 24–ին հայտնի դարձավ, որ Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Ընկերությունից հայտնում են, որ իրենց աշխատակիցներն առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան։
«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Տեղեկացվում է, որ դեպքից անմիջապես հետո դադարեցվել են ռոլլեր լայնով թռիչքները։
«Ռոլլեր լայնը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։ «Յելլ Էքստրիմ Պարկում» առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,–հայտնում են ընկերությունից։
Ընկերությունից հավաստիացնում են նաև, որ աշխատակիցներն անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։