ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին վետո է դրել այն օրենքի վրա, որը սոցիալական վճարումներ և բժշկական ապահովում է նախատեսում Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող, բայց չաշխատող անձանց համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Ուկրաինայից մի քանի միլիոն մարդ է մեկնել Լեհաստան։ Երկրի խորհրդարանի ընդունված օրենքը մի շարք արտոնություններ էր տալիս նրանց` անվճար բուժօգնություն և սոցիալական վճարումներ, այդ թվում՝ ամսական «800+» նպաստ յուրաքանչյուր երեխայի համար (800 զլոտի` ավելի քան 200 դոլար)։ Փաստաթղթի գործողությունը երկարաձգվում էր յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։
«Մենք բաց ենք փախստականներին օգնելու և ընդունելու համար, այդպիսին էլ կմնանք։ Բայց վերջին 3.5 տարում իրավիճակը սկզբունքորեն փոխվեց, և օրենսդրությունը պետք է փոփոխվի։ Բոլոր քաղաքական ուժերը համաձայն են, որ «800+» ծրագիրը պետք է վերաբերի միայն այն քաղաքացիներին, որոնք աշխատում են։ Օրենքը, որը ես ստացել եմ ստորագրելու համար, չի համապատասխանում այս պահանջին։ Ես չեմ փոխում իմ կարծիքը և համոզված եմ, որ «800+»-ը միայն այն ուկրաինացիների համար է, որոնք աշխատում են», - ասել է Նավրոցկին ճեպազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև առողջապահության ոլորտում։
«Ստացվում է` Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք գումար չեն հատկացնում Առողջապահության հիմնադրամին, ավելի արտոնյալ վիճակում են, քան լեհերը։ Այդ պատճառով ես չեմ ստորագրել Ուկրաինայի քաղաքացիներին այս ձևով օգնելու մասին օրենքը», հայտարարել է Նավրոցկին։
Նախագահը միաժամանակ նշել է, որ ներկայացրել է իր օրինագիծը, ըստ որի` սոցիալական նպաստներ և անվճար բժշկական օգնություն կկարողանան ստանալ Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք օրինական աշխատում են Լեհաստանում և հարկեր են վճարում։
Նավրոցկին ընդգծել է, որ այս փոփոխությունները նախագահական վերջին ընտրությունների ժամանակ իր նախընտրական ծրագրի մի մասն են։