Կատարի բանակցողների հետ հանդիպելուց հետո Թրամփը չի հավատում Գազայի մասնակի համաձայնագրին

Գազայի հատված
Հուլիսին Միացյալ Նահանգները և Իսրայելը հետ կանչեցին իրենց պատվիրակությունները Դոհայից, որտեղ տեղի էին ունենում Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Կատարում հուլիսին բանակցություններին մասնակցած խմբի հետ հանդիպելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլևս չի հավատում Գազայի հատվածի վերաբերյալ մասնակի համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN-ին։
Հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի մասին ՀԱՄԱՍ-ի պատասխանը ստանալուց հետո հուլիսին Միացյալ Նահանգները և Իսրայելը հետ կանչեցին իրենց պատվիրակությունները Դոհայից, որտեղ տեղի էր ունենում Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցությունների փուլը։ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի պատասխանը չի վկայում կիսաէքսկլավում հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու ցանկության մասին։ ՀԱՄԱՍ-ը, ընդգծելով բոլոր խոչընդոտները հաղթահարելու իր ցանկությունը, միաժամանակ հայտարարել է, որ զարմացած է շարժման դիրքորոշման կապակցությամբ ամերիկացի բանագնացի բացասական հայտարարություններից։ Եգիպտոսը և Կատարը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլում որոշակի առաջընթաց է գրանցվել։
«Կատարում հուլիսին բանակցությունների վերջին փուլի ժամանակ ՀԱՄԱՍ-ի կողմից խոչընդոտներ ստեղծելուց հետո Թրամփը գործընթացի նկատմամբ կորցրել է համբերությունն ու վստահությունը և չի հավատում, որ ՀԱՄԱՍ-ը իսկապես համաձայնագիր է ցանկանում», - CNN-ին ասել է Իսրայելի բարձրաստիճան աղբյուրը։
Իսրայելական Ynet պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, օգոստոսի 14-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է համապարփակ համաձայնագրի՝ ակնկալելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։ Ynet-ը պնդում է՝ երկու երկրների իշխանությունները եզրակացրել են, որ մասնակի համաձայնագիրն այլևս կենսունակ չէ, և սեղանին մնացած միակ տարբերակը համապարփակ համաձայնագիրն է։
Հուլիսի վերջին Համասը հայտարարեց, որ պատրաստ է վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները, եթե Գազայում մարդասիրական ճգնաժամին ու սովին վերջ դրվի։