«Հզբոլլահին» զինաթափելու ամերիկա-իսրայելական ծրագիրը երբեք չի իրականանա. ԻՀՊԿ

Մեկնաբանելով Լիբանանի կառավարության վերջին որոշումը՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը կողմ է «Հզբոլլահի» դիրքորոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Լիբանանի ժողովուրդը և լիբանանյան «Հզբոլլահ» շարժման դիմադրության ուժերը չեն ընդունում շարժումը զինաթափելու ամերիկա-իսրայելական ծրագիրը, և դա երբեք չի իրագործվի։ Այս հայտարարությունն արել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման փոխհրամանատար Իրաջ Մասջեդին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Լիբանանի տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը օգոստոսի 7-ին հայտարարել էր, որ կառավարությունը համաձայն է ամերիկյան հատուկ բանագնացի փաստաթղթում նշված նպատակներին, կողմ է, որ երկրի ամբողջ տարածքում վերացվեն զինված խմբավորումները, այդ թվում` «Հզբոլլահը», և սահմանամերձ շրջաններում տեղակայվի լիբանանյան բանակը։
««Հզբոլլահի» զինաթափումը ամերիկա-իսրայելական ծրագիր է, որը ո՛չ Լիբանանի ժողովուրդը, ո՛չ էլ «Հզբոլլահի» դիմադրության ուժերը չեն ընդունում... Դա երբեք չի իրագործվի», - ասել է գեներալը։
Ավելի վաղ մեկնաբանելով Լիբանանի կառավարության վերջին որոշումը՝ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Թեհրանը կողմ է «Հզբոլլահի» դիրքորոշմանը: Լիբանանի ԱԳՆ–ն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը որակել էր որպես միջամտություն Լիբանանի ներքին գործերին և ոտնձգություն պետության ինքնիշխանության դեմ:
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը երկրի բանակի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ իր ելույթում հայտարարել էր, որ ի պատասխան ԱՄՆ–ի առաջարկի` Բեյրութը պահանջում է անհապաղ դադարեցնել Իսրայելի բոլոր թշնամական գործողությունները ցամաքում, օդում և ծովում, այդ թվում` կոնկրետ անձանց նպատակային ոչնչացումը, իսրայելական ուժերը դուրս բերել միջազգայնորեն ճանաչված սահմանից, ազատ արձակել գերիներին, Լիբանանի ամբողջ տարածքում հաստատել պետության լիակատար վերահսկողություն, զինաթափել բոլոր կիսառազմական խմբավորումներին, այդ թվում՝ «Հզբոլլահին», սպառազինությունը փոխանցել հանրապետության բանակին: