ՌԴ-ն հուսով է՝ Ուկրաինայում կարգավորման գործընթացը խաթարելու փորձերը կխափանվեն․ Լավրով

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ արևմտյան երկրները բանակցությունները խաթարելու առիթներ են փնտրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական կարգավորման գործընթացին խանգարելու արևմտյան երկրների փորձերը կխափանվեն։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Նրանք պարզապես պատրվակ են փնտրում բանակցությունները թույլ չտալու համար, և ցանկանում են, որ դա արվի ոչ իրենց, ոչ Զելենսկու մեղքով, որը նույնպես համառում է դրա համար, ինչ-որ պայմաններ է առաջադրում, պահանջում է անհապաղ հանդիպում Պուտինի հետ՝ անկախ ամեն ինչից։ Փորձ է արվում խաթարել այն գործընթացը, որը մեկնարկել է նախագահներ Պուտինի և Թրամփի կողմից ու շատ լավ արդյունքներ է տվել։ Մենք հույս ունենք, որ այդ փորձերը կխափանվեն»,- ասել է Լավրովը։
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները։ Նախագաահների նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «երեքը երեքի դիմաց» ձևաչափով և տևել են երկու ժամ 45 րոպե։ Իսկ օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարներին։