Կարեն Խաչանովը պահպանել է Ռուսաստանի առաջին ռակետի կոչումը

Թենիսիստն արդեն երկրորդ շաբաթն է՝ Ռուսաստանի առաջին ռակետն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում պահպանել է 9-րդ հորիզոնականը: Վարկանիշի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Խաչանովը երկրորդ շաբաթն անընդմեջ Ռուսաստանի առաջին ռակետն է։ US Open-ից առաջ վարկանիշում առաջատարի դիրքը պահպանել է իտալացի Յանիկ Սինները։ Երկրորդ տեղը զբաղեցնում է իսպանացի Կառլոս Ալկարասը, իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակում է Ալեքսանդր Զվերևը Գերմանիայից:
Նշենք, որ վերջին մրցաշարում Կարեն Խաչանովը հասել էր Ցինցինատիի Masters շարքի մրցաշարի չորրորդ շրջան, սակայն վնասվածքի պատճառով հրաժարվել էր Ալեքսանդր Զվերևի դեմ պայքարից: Նա 2019 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ վերադարձել է թոփ 10։