Թրամփը ասել է, որ Ուկրաինայի հարցով «կարևոր որոշում» ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահը նշել է, որ կարող է Պուտինին հրավիրել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել մասնակցելու 2026 թվականին ԱՄՆ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
«Վլադիմիր Պուտինը կգա, թե ոչ՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
Ամերիկացի առաջնորդը լրագրողներին ցույց է տվել Պուտինի հետ լուսանկարը Ալյասկայի գագաթնաժողովից, որն իրեն ուղարկել են:
«Նա լավ է դուրս եկել, ես՝ նորմալ»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ առաջնորդը նաև հայտարարել է, որ 2 շաբաթվա ընթացքում «շատ կարևոր որոշում» կկայացնի Ուկրաինայի հարցում: Նրա խոսքով՝ այն կախված կլինի Մոսկվայի և Կիևի հետագա գործողություններից և կարող է ներառել պատժամիջոցներ և մաքսատուրքեր։
«Ինձ բացարձակապես ոչինչ չի ուրախացնում այս պատերազմում, բնավ չի ուրախացնում։ Բացարձակ չի ուրախացնում։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Կարծում եմ՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք կիմանանք, թե ինչ կստացվի: Եվ լավ կլինի, թե ես ուրախ լինեմ»,-ասել է Թրամփը լրագրողներին։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: