«Փախչելու տեղ չեք գտնում». Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր–Պետրոսյանին «հանդարտվելու» կոչ է անում

Լևոն Տեր–Պետրոսյանը պարբերաբար քննադատում է Նիկոլ Փաշինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին հորդորում է հանդարտվել։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի Լևոն Տեր–Պետրոսյան, 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եվ պետք էլ չէ։ Պարզապես հանդարտվեք և վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը»,– գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք` Տեր–Պետրոսյանը պարբերաբար քննադատում է ՀՀ վարչապետին։ Օրերս նա նաև հոդված էր գրել` նշելով, որ Փաշինյանի գործելաոճը միտված է մեր ազգի պառակտմանը։