«Նոան» մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Օլիմպիային»

Չեմպիոնների և Եվրոպայի լիգաներում ձախողվելուց հետո «Նոան» վերջին շանսն էր ստացել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար։ Բայց դրա համար հարկավոր է հաղթել Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային», որի հետ առաջին խաղը կայացավ մրցակցի հարկի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի, Sputnik-Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆ փուլի առաջին խաղում, «Նոան» մրցակցի հարկի տակ խոշոր՝ 4։1 հաշվով հաղթեց սլովենական «Օլիմպիային»։
Խաղի ներքին լարվածությունը բավականին բարձր մակարդակի վրա էր։ Երկու թիմերն էլ գիտակցում էին հանդիպման կարևորությունը ու ավելորդ ռիսկի չէին դիմում։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Նոան» կարողացավ նոր լիցք հաղորդել իր խաղին և երեք րոպե տարբերությամբ մեր թիմը երկու գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը։ Նախ Մարին Յակոլիշը օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից ու սառնասրտորեն բացեց խաղի հաշիվը, ապա Ուլադ Օմարը «Օլիմպիայի» տուգանայինի մատույցներից ուժեղ ու դիպուկ հարվածով կրկնապատկեց հայկական թիմի առավելությունը։ Բայց մինչև ընդմիջում հերթական անգամ տեսանք, որ «Նոան» շատ թերություններ ունի պաշտպանությունում, ու եթե դաշտի տերերը ավելի դիպուկ կամ հաջողակ լինեին, հաշիվը կարող էր և լրիվ այլ լինել։
«Նոան» մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Օլիմպիային»
Ընդմիջմանը «Օլիմպիայի» մարզիչը երկու փոփոխություն կատարեց՝ փորձելով փոխել խաղի ընթացքը։ Բայց փոխարինման դուրս եկած Մարիանո Աուանգբոն խախտեց կանոնները Ուլադ Օմարի նկատմամբ, ու «Նոան» շատ լավ հնարավորություն ստացավ 11 մետրանոցով իր առավելությունը զարգացնելու։ Մաթեուս Այասի հարվածը դարպասապահը հետ մղեց, բայց VAR-ի օգնությամբ մրցավարը կրկնել տվեց հարվածը, ու Օմարը հաշիվը դարձրեց 3։0։
Սակայն 5 րոպե անց սխալվելու հերթը Յան Էտեկիին էր, ու «Օլիմպիան» կրճատեց հաշվի տարբերությունը։ Նորից սկսեցին խնդիրներ առաջանալ «Նոայի» պաշտպանությունում։ Լավ է, որ այս խաղը կամերունցի Ուլադ Օմարի բենեֆիսն էր։ «Նոայի» ֆուտբոլիստը կատարողական հիանալի վարպետությամբ չորրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Հաղթելով 4։1 հաշվով՝ «Նոան» լուրջ հայտ ներկայացրեց երկու հանդիպումների արդյունքում հաղթելու և Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հանդես գալու համար։
Պատասխան խաղը Աբովյանում կայանալու է ուղիղ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 28-ին։