Մաքսատուրքերի մասին նոր համաձայնագիրը լավ է ԱՄՆ-ի, շատ վատ՝ Եվրոպայի համար. Սիյարտո

Նախօրեին ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարել են, որ առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են կնքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև մաքսատուրքերի վերաբերյալ նոր առևտրային համաձայնագիրը լավ գործարք է Ամերիկայի համար և վատ՝ Եվրոպայի համար։ Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նախօրեին ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարել են, որ կնքել են առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ից կհանի բոլոր արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը, մինչդեռ ԱՄՆ-ն 15% մաքսատուրք կպահպանի եվրոպական ապրանքների մեծ մասի վրա։ ԵՄ-ն նաև մտադիր է մինչև 2028 թվականը ԱՄՆ-ից գնել մոտ 750 միլիարդ դոլարի չափով հեղուկացված բնական գազ, նավթ և միջուկային էներգիայի արտադրանք, ինչպես նաև իր հաշվողական կենտրոնների համար առնվազն 40 միլիարդ դոլարի չափով ամերիկյան արհեստական ​​բանականության չիպեր։ ԵՄ-ն նաև նախատեսում է զգալիորեն ավելացնել Միացյալ Նահանգներից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները։
«ԵՄ-ԱՄՆ սակագնային համաձայնագիրը լավ է ԱՄՆ-ի համար և վատ՝ Եվրոպայի համար։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները բազմիցս ցույց են տվել բանակցություններում իրենց լիակատար անկարողությունը. Դոնալդ Թրամփը և ԱՄՆ կառավարությունը մեծ հաղթանակ տարան՝ ըստ էության, բանակցությունների ժամանակ «ուտելով» Բրյուսելի պատվիրակությանը», - գրել է Սիյարտոն «Ֆեյսբուք»-ում (ՌԴ-ում արգելված է որպես ծայրահեղական)։
Նա նշել է, որ եվրոպական ապրանքները նախկինում ենթարկվում էին 2-3% մաքսատուրքի, իսկ այժմ դա կլինի 15%-ի չափով, մինչդեռ ամերիկացիներն առայժմ վճարում էին 10% մաքսատուրք, իսկ հիմա մաքսատուրքը զրոյացել է։ Սիյարտոն ընդգծել է, որ դա «լավ գործարք է ամերիկացիների համար և շատ վատ՝ Եվրոպայի համար», իսկ Եվրոպական հանձնաժողովը և այդ կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «ևս մեկ հարված են հասցրել եվրոպական տնտեսությանը»։
«Մենք փորձում ենք հնարավորինս պաշտպանել Հունգարիայի տնտեսությունը Եվրոպական հանձնաժողովի անկարողության հետևանքներից, ուստի արդյունաբերությունը պաշտպանելու և աշխատատեղերը պահպանելու միջոցառումների վերաբերյալ շարունակում ենք խորհրդակցել ռազմավարական գործընկեր ընկերությունների հետ», - ասել է Սիյարտոն։