Գազայի հատվածում սովն աղետալի մակարդակի է հասել. ՄԱԿ

Ըստ գնահատականների` եթե այսպես շարունակվի, Գազայի հատվածում ավելի քան 640 հազար մարդ կբախվի պարենի պակասի աղետալի մակարդակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածում սովն աղետալի մակարդակի է հասել։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
«Գազայի հատվածում ավելի քան կես միլիոն մարդ է հայտնվել սովի ծուղակում` համատարած թերսնում, աղքատություն և մահ, որոնք կարելի էր կանխել», - ասվում է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի ընդունված Պարենային անվտանգության փուլային դասակարգումը տարբերակում է սննդի պակասի 5 փուլ (3-5–րդ մակարդակները համապատասխանում են սննդի սուր պակասին)։ Վերջին՝ հինգերորդ փուլը նշանակում է աղետալի սով։
Ըստ գնահատականների` սեպտեմբերի վերջին Գազայի հատվածում ավելի քան 640 հազար մարդ կբախվի պարենի պակասի աղետալի մակարդակի, որը դասակարգվում է որպես պարենային անվտանգության դասակարգման 5-րդ փուլ: Եվս 1,14 միլիոն մարդ կհայտնվի արտակարգ իրավիճակում (IPC-ի 4–րդ փուլ), իսկ ևս 396 հազար մարդ՝ ճգնաժամի մեջ (3-րդ փուլ):
Նշվում է, որ Գազայի հատվածում կտրուկ ավելացել է սովի պատճառով մահացությունների թիվը։
«Հարյուրհազարավոր մարդիկ օրեր շարունակ մնացել են առանց սննդի», - ասված է զեկույցում:
Գազայի գյուղատնտեսական հողերի գրեթե 98%-ը ոչնչացվել կամ անհասանելի է, իսկ պարենի արտադրությունը կաթվածահար է եղել: Բացի այդ, մարդասիրական մատակարարումները չափազանց սահմանափակ են, կա վառելիքի, ջրի և դեղորայքի սուր պակաս:
Հատկապես մտահոգիչ է երեխաների շրջանում սուր հյուծվածության մակարդակի բարձրացումը, որն աճում է աղետալի տեմպերով։ Միայն հուլիսին երեխաների շրջանում գրանցվել է սուր թերսնման ավելի քան 12,000 դեպք։ Երեխաների գրեթե մեկ քառորդի մոտ առկա է թերսնման ծանր ձևը, որը մահացու սպառնալիք է ներկայացնում։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: