ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ ուկրաինական հարձակման պատճառով վերջին ժամանակաշրջանում արդեն երրորդ անգամ դադարեցվել է «Դրուժբա» նավթատարով գազի մատակարարումը դեպի Հունգարիա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիշա Սակովան ավելի վաղ հայտնել էր, որ «Դրուժբա» նավթատարը կրկին հարձակման է ենթարկվել, նավթի մատակարարումը շուտով կարող է կրկին դադարեցվել։
«Գիշերը լուր ստացանք, որ ռուս-բելառուսական սահմանով անցնող «Դրուժբա» նավթատարի վրա ևս մեկ հարձակում է իրականացվել: Նավթի մատակարարումը կրկին դադարեցվել է: Սա մեր երկրի էներգետիկ անվտանգության վրա ևս մեկ հարձակում է», - գրել է Սիյարտոն «Ֆեյսբուք» սոցցանցում (ՌԴ-ում արգելված է որպես ծայրահեղական):
Նախարարը նավթատարի վրա հարձակումը անվանել է «Հունգարիային պատերազմի մեջ ներքաշելու» ևս մեկ փորձ՝ հայտարարելով, որ միևնույնն է` ոչինչ չի ստացվի. Բուդապեշտը կշարունակի աջակցել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերին:
Օգոստոսի 18-ին Սիյարտոն հայտարարել էր, որ «Դրուժբա» նավթատարի վրա հարձակման պատճառով Հունգարիա նավթի մատակարարումները անորոշ ժամանակով դադարեցվել են: Նավթի տարանցումը վերսկսվեց հաջորդ օրվա երեկոյան, Բուդապեշտը Ռուսաստանին շնորհակալություն հայտնեց արագ վերականգնման համար: