Արցախից տեղահանվածները սեպտեմբերի 1-ից կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքից

ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքը սեպտեմբերի 1-ից 50 անգամ թանկանալու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները սեպտեմբերի 1-ից կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքից։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ ընդունվում են մարզերի բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։
Հիշեցնենք` ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքը, որը տարիներ շարունակ 1000 դրամ է եղել, սեպտեմբերի 1-ից դառնալու է 50,000 դրամ։