ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիակատար հաղթանակ է անվանել Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանի որոշումը, ըստ որի՝ չեղարկվում է մոտ կես միլիարդ դոլարի չափով տուգանքը, որը քաղաքական գործչի նկատմամբ սահմանվել էր ակտիվների արժեքի միտումնավոր գերագնահատման գործով:
«Լիակատար հաղթանակ Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի կեղծ գործով։ Ես խորապես հարգում եմ այն փաստը, որ դատարանը համարձակություն է ցուցաբերել՝ չեղարկելով այս ապօրինի և խայտառակ որոշումը, որը վնաս է հասցնում ամբողջ Նյու Յորքի նահանգի բիզնեսին»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:
Թրամփը նաև հավելել է, որ տուգանքի ընդհանուր գումարը՝ կուտակված տոկոսներով, արդեն հասել էր 550 մլն դոլարի ՝ իր դեմ գործն անվանելով «քաղաքական վհուկաորս»։
Այսօր ավելի վաղ Նյու Յորքի Գերագույն դատարանը չեղյարկել էր Թրամփի նկատմամբ սահմանված գրեթե կես միլիարդ դոլարի տուգանքը: 2024 թվականի փետրվարին նա մեղավոր էր ճանաչվել իր բիզնեսի ակտիվների արժեքը միտումնավոր խեղաթյուրելու գործով՝ վարկերի ավելի բարենպաստ պայմաններ ստանալու նպատակով, և դատապարտվել էր 464 միլիոն դոլար տուգանքի։