Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մակրոնը ընդգծել է ձեռք բերված առաջընթացը զարգացնելու կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Փաշինյանի և Ալիևի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո կայացած հանդիպումը։ Այս մասին Մակրոնը գրառել է X-ում։
Մակրոնը նշել է, որ Էրդողանի հետ զրույցում քննարկվել է միջազգային իրավիճակը, այդ թվում՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։
«Մենք քննարկել ենք օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հովանու ներքո կայացած՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման հետ կապված ակնկալիքները», - գրել է նա։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ ձեռք բերված առաջընթացը զարգանա, ինչը կհանգեցնի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։