Բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցը

Բագրատ և Միքայել սրբազանները. Արխիվային լուսանկար
Բագրատ սրբազանը նշեց, որ ձայնագրության մեջ կարող է անձնական խոստովանություն լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ի բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցն ու կցել գործի նյութերին։ Այսօր դատավարության ընթացքում այդ մասին ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Էնքան էս գործի տակ ոչինչ չկա խեղճերին, որ ձայնագրություններ են արել իմ և Միքայել սրբազանի խոսակցությունը, երկու եղբոր խոսակցությունը, միգուցե և անձնական կյանքի խոստովանություն և բերել, կցել են մեր գործերին՝ ըստ մեր տեղեկությունների։ Այ սա է ձեր որակը, ես խղճում եմ, մեղք է մեր պետությունը, մեղք է մեր կյանքն ու էսքան ժողովուրդը, որ հանձնվել է ձեզ։ Այդ աստիճանի նենգ եք»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ըստ նրա՝ ձայնագրություններում որևէ բան վստահաբար չկա, թեպետ կարող էր անձնական խոստովանություն լինել, սակայն իշխանությունները, իրավապահ համակարգը, բոլոր նրանք, ովքեր մասնակից են այս ամենին, դրա վրայով էլ են անցել։ Շեշտեց՝ նրանց համար պաշտոն, փող, տուն պահելն ավելի թանկ է, քան պատիվ ու կենսագրություն պահելը։
Նշենք, որ նախնական կալանքի ընթացքում Բագրատ և Միքայել սրբազաններին տեղավորել էին նույն խցում։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Փաստաբանները կբողոքարկեն Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումը
Հունիսի 27-ին էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։