Արսեն Թորոսյանը նշանակվելու է սոցապնախարար, Արեն Մկրտչյանը` Լոռու մարզպետ. Փաշինյան

Հունիսի 2-ից Լոռու մարզպետի պաշտոնը թափուր է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Պատգամավորական մանդատից հրաժարված Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լուրը հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասեմ ավելին՝ Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- ավելացրեց վարչապետը։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Անմիջապես սկսեցին լուրեր պտտվել, որ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվելու։
Արսեն Թորոսյանը 2018-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, 2021թ. հունվար–հուլիս ժամանակահատվածում եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Արեն Մկրտչյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: