ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Ակտիվիստ Արսեն Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
«Ես մեղադրվում եմ իմ հայրենիքը, եկեղեցին, հոգևոր հայրերին սիրելու, «Եռաբլուրի» գինը հասկանալու, գնահատելու մեջ»,- իր խոսքում ասաց Ղազարյանը՝ շեշտելով, որ իր և մյուսների անմեղության կանխավարկածի իրավունքը ևս ոտնահարվել է։
Նա նշեց, որ իր տանը խուզարկություն է արվել, որի ժամանակ առգրավվել է իր որսորդական, օրինական հրացանը։ Ինքը երկար տարիներ զբաղվել է որսորդությամբ։
Արսեն Ղազարյանի կալանքի հարցի քննության ժամանակ Արա Ռոստոմյանը նշեց, որ իր հետ գործով անցնողներից մի քանիսին չի ճանաչում, նրանցից մեկն էլ Արսեն Ղազարյանն է։
«Խափանման միջոցի հարցն էր քննարկվում 2 ամիս առաջ, երբ մեզ կալանքի տարան, այդ ժամանակ խուց մի տղա մտավ, բարևեց, զարմացա նայեցի, Մախսուդյան Միհրանն էր հետս, ասացի՝ ո՞վ է, ասաց՝ չեմ ճանաչում։ Մենք էլ վախեցանք, թե մարդ են բերել, երևի ուզում են մեր խոսակցությունը լսել, հետո կարդալով ու էստեղ իմացա, որ Արսենն իմ 18 ընկերներից մեկն է։ Չգիտեմ, երբ որ մի բան կազմակերպվում է, ու ղեկավարներն էլ իրար չեն ճանաչում, ինչ գործի մասին է խոսքը»,- ասաց Արա Ռոստոմյանը։
Նշենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում էր «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով 3-րդ դատական նիստը։
Նախօրեին դատարանի որոշմամբ 3-ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, իսկ այսօր՝ Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարգսյանի, Արման Իսրայելյանի, Արսեն Ղազարյանի կալանքի ժամկետը։
44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։ Նրան թույլատրվեց նաև շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիայի ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Դատական նիստը կշարունակվի վաղը՝ օգոստոսի 22-ին, 14։30-ին։