Ուկրաինայի անվտանգության հավաքական երաշխիքները պետք է իսկապես հուսալի լինեն. Լավրով

Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի համար երաշխիքների հարցում պետք է հիմնվել 2022 թվականի ստամբուլյան բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Եվրոպայի կողմից Ուկրաինայի անվտանգության հավաքական երաշխիքները պետք է իսկապես հուսալի լինեն։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է հաղորդագրություններին, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ուզում են անվտանգության հավաքական երաշխիքներ մշակել, ապա մենք կողմ ենք, որ այդ երաշխիքներն իսկապես հուսալի լինեն», - ասել է Լավրովը Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի համար երաշխիքների հարցում պետք է հիմնվել 2022 թվականի ստամբուլյան բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
«Այս առումով մենք շատ լավ օրինակ ունենք, որը, ի դեպ, վերաբերում է ուկրաինական կողմի նախաձեռնությանը։ Ստամբուլում 2022 թվականի ապրիլին ուկրաինական բանակցային թիմն առաջարկեց ռազմական գործողությունների դադարեցման և կայուն կարգավորման ապահովման մասին պայմանավորվածության հիմնական սկզբունքները: Այդ սկզբունքներից մեկն այն է, որ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ի կամ որևէ այլ ռազմական դաշինքի անդամակցությունից, Ուկրաինան չեզոք և ոչ միջուկային կարգավիճակ է ստանում», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։