Իսրայելը Գազայի վրա հարձակումից առաջ ծառայության է կանչել 60 հազար պահեստազորայինների

Kan պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ պահեստազորայինների մեծ մասը պետք է ներկայանան սեպտեմբերի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այսօր մոտ 60 հազար ծանուցագիր է ուղարկել պահեստազորայինների զորակոչի մասին՝ Գազա քաղաքի գրավման գործողության նախապատրաստման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։
«Գեդեոնի մարտակառքերը» գործողության հաջորդ փուլի նախապատրաստման շրջանակներում այսօր առավոտյան պահեստազորի զորակոչի շուրջ 60 հազար հրաման է տրվել։ Բացի այդ, արդեն զորակոչված 20 հազար պահեստազորայիններ ծանուցումներ կստանան ընթացիկ ծառայության ժամկետի երկարաձգման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Kan պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ այսօր ծանուցագիր ստացած պահեստազորայինների մեծ մասը պետք է ներկայանան սեպտեմբերի 2-ին։
Ավելի վաղ Kan-ը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքի գրավման գործողության պլանը: Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 21-ին այդ ծրագիրը կներկայացվի քաղաքական ղեկավարության և կառավարության հաստատմանը: