ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 60 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 58 դի (2 դի դուրս է բերվել փլատակներից), ինչպես նաև 185 վիրավոր», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով մահացածների թիվը հասել է 62,122-ի, վիրավորվել է 156,758 մարդ, իսկ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր մահացածների թիվը հասել է 10,576-ի, վիրավորվել է 44,717 մարդ։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: